Հանրագիտարան

Դմիտրի Մենդելեև

Ռուս քիմիկոս, գիտնական, ուսուցիչ Դմիտրի Մենդելեևը (1834թ. փետրվարի 8 - 1907թ. փետրվարի 2) 1869 թ. բացահայտել է քիմիական տարրերի պարբերականության օրենքը`   բնագիտության հիմնական օրենքներից մեկը: Թողել է մոտ 500 տպագրական աշխատություններ, որոնց մեջ է դասական «Քիմիայի հիմունքները»՝ առաջին կառուցվածքային շարադրանքն անօրգանական քիմիայից:

Դ. Ի. Մենդելեևը գիտության այնպիսի բնագավառների հիմնային հետազոտությունների հեղինակ է, ինչպիսիք են քիմիան, քիմիական տեխնոլոգիաները, ֆիզիկան, չափագիտությունը, օդագնացությունը, օդերևութաբանությունը, գյուղատնտեսությունը, տնտեսագիտությունը և այլ գիտություններ, որոնք սերտորեն կապ ունեին Ռուսաստանի արտադրողական ուժերի զարգացման կարիքների հետ:

 

Նա հիմք է դրել լուծույթների տեսությունը, առաջարկել է նավթի բաժանման ֆրակցիոն մեթոդը, հայտնագործել է անծուխ վառոդի տեսակներից մեկը, պրոպագանդել է հանքանյութերի օգտագործումը, երաշտային հողերի ոռոգումը: 1865-1890թթ. եղել է Պետերբուրգյան համալսարանի պրոֆեսոր:

 

Նա ընտանիքի վերջին`   17-րդ երեխան էր։ Հայրն ամենաերևելիներից մեկն էր քաղաքում, որովհետև վարում էր Տոբոլսկի նահանգի`   գիմնազիայի և ուսումնարանների տնօրենի պաշտոնը: Բայց Միտյայի ծնվելուց հետո նա ծանր հիվանդացավ, և կարիքի մեջ ընկած ընտանիքի հոգսն անցավ մոր ուսերին: Ձեռներեց կինը հոգսերի մեջ չմոռացավ երեխաների ուսման մասին և ամեն գնով կրթության տվեց նրանց:
 
1841թ.-ի օգոստոսի 1-ին Դմիտրին ընդունվում է Տոբոլսկի գիմնազիայի առաջին դասարանը: Միտյան իր զարգացմամբ ետ չէր մնում ավագ եղբորից, և երբ նրան գիմնազիա տարան, որոշեցին նրա հետ ուղարկել նաև Միտյային: Հենց սկզբից Միտյան սկսեց հեշտ յուրացնել բնագիտական առարկաները, իսկ լատիներենի, ռուս գրականության դասերին մասնակցում էր մեծ տառապանքների գնով:
 
Եվ եթե հաջողությամբ փոխադրվում էր դասարանից-դասարան, միայն ի հաշիվ մաթեմատիկայի, ֆիզիկայի փայլուն իմացության: Այնուհետև ընդունվում է Պետերբուրգի գլխավոր մանկավարժական ինստիտուտը: Եթե գիմնազիստ Մենդելեևի համար կային սիրած ու չսիրած առարկաներ, ապա ուսանող Մենդելեևն անհագ ծարավով էր լցված գիտելիքների նկատմամբ:
 
Լինելով ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ուսանող`   ժամանակ էր գտնում լինելու պատմաբանասիրական, կենսաբանական ֆակուլտետների դասախոսություններին: Այնուամենայնիվ, ինստիտուտում սովորելու տարիներն ուղեկցվեցին առողջական վատացող վիճակով: Բժիշկների կարծիքով նա տառապում էր թոքախտով և գտնվում էր անհույս վիճակում, որը հերքվեց հետագայում:
 
1855թ. հունիսի 20-ին ավարտում է գլխավոր մանկավարժական ինստիտուտը: Ավարտական քննություններին Մենդելեևը ներկայանում է ոչ թե իբրև սովորական մի ուսանող, այլ որպես իսկական հետազոտող: Ուսանողական տարիները ցույց տվեցին, որ նա կարողանում է «ընդգրկել ու միացնել գիտության տարբեր բնագավառները»:
 
Իսկ քննությունից հետո նրա ուսուցիչ ակադամիկոս Ֆրիցշեն խնդրագիր է ներկայացնում ինստիտուտի տնօրինությանը. « …երիտասարդը լիովին տիրապետում է քիմիական գիտության մինչև իսկ նորագույն ուղղությանը: Խոնարհաբար խնդրում եմ աջակցել, որպեսզի ծառայության նշանակելիս պարոն Մենդելեևին հնարավորություն տրվի կատարելագործվելու քիմիայի մեջ»:
 
1855թ.-ի նոյեմբերի 14-ին նշանակվում է ավագ ուսուցիչ Օդեսայում: Այստեղ ամեն ինչ կար գիտական առաջին քայլերն անող պատանու համար`   լաբորատորիա, գրադարան, ժամանակ: Եվ ընդամենը վեց ամիս հետո պաշտպանեց տեսակարար ծավալներին նվիրված դիսերտացիան՝ ստանալով ֆիզիկայի և քիմիայի մագիստրոսի առաջին աստիճանը:
 
Նրա ուսումնասիրությունները գիտական հիմքերի վրա դրեցին ապակու ստացման ողջ պրոցեսը: 1859թ.-ի ապրիլի 14-ին երկու տարով մեկնում է արտասահմանյան գործուղման: Սկզբում Մենդելեևը լինում է եվրոպական տասը համալսարանական քաղաքներում մինչև որ կանգ է առնում գերմանական Հայդելբերգ քաղաքում:
 
Այստեղ էլ ստեղծում է սարքավորումներով հարուստ լաբորատորիա և պրպտուն աշխանտանքով ժխտում «հաստատուն գազերի» գոյությունը և ցույց տալիս, որ նրանք, ինչպես և բոլոր հեղուկները, ունեն այսօր գիտական աշխարհում ընդունված մենդելեևյան «եռման բացարձակ ջերմաստիճանը»: Արտասահմանում Մենդելեևի հետ աշխատակցում էին գիտնականներ Բորոդինն ու Սեչենովը:
 
Նրանց հետ Մենդելեևը քննարկման առարկա էր դարձրել նյութի մի միասնական չափ գտնելու անհրաժեշտությունը: Դրա համար Մենդելեևն սկսում է զբաղվել իրենց հատկություններով մոտ նյութերի փոխազդեցություններն ուսումնասիրելով, որը հետագայում հիմք դարձավ քիմիական գիտության բնագավառում արված հեղաշրջման համար:
 
1894թ. հունիսին ստանում է Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների դոկտորի պատվավոր կոչումը: 1905թ. ուղևորվում է Լոնդոն`   թագավորական ընկերության ամենաբարձր պարգևը`   Կոպլեյի մեդալն ստանալու: 1907թ. հունվարի 20-ին վախճանվում է սրտի կաթվածից:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: